ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Հոգևոր սերմերը բերում են լիառատ հոգևոր պտուղներ

Հոգևոր սերմերը բերում են լիառատ հոգևոր պտուղներ
02.10.2015 | 00:02

Աստվածաշունչը շեշտում է հավատքի կարևորությունը, հավատք, որը փրկում է մարդուն և պարգևում կյանք: Մարդկանց ընկալումները տարբեր են հավատքի վերաբերյալ, բայց վերջնական հիմնակետում այդ ամենն ամբողջանում է երկնքից իջած հավիտենական ճառագայթի ներքո: Այս լույսն է, որ հավատքին հաղորդում է կյանք և հարատևություն, հակառակ դեպքում, մարդկային կյանքի վերելքների ու վայրէջքների ընթացքում այն հաճախ փլուզվում է, որովհետև հավատի ամրոցը չի կառուցվում ամուր հիմքերի վրա` շաղախված այն հոգևոր պտուղներով, որոնք դիմակայում են յուրաքանչյուր փորձության: Ինչո՞ւ է այդպես: Մարդկանց մեծ մասը մնում է հավատքի այն ընկալման մեջ, որի հիմնասյունը տալու և առնելու փոխհարաբերությունն է, այլ կերպ այն կարելի է բացատրել որպես փոխշահավետ պայմանավորվածություն: Իսկ եթե չկա այդ շահը, ի՞նչ անել, շարունակե՞լ հավատալ Աստծուն: Այստեղ է, որ բազմաթիվ մարդկանց մոտ տարբեր իրավիճակներում խաթարվում է Աստծո հետ հարաբերությունը, որովհետև իրականում նրանք Աստծուն չեն փնտրում և ցանկանում նրա հետ բարեկամություն անել (Հովհ. 15.12-16), այլ Աստծո հնարավորություններն ու կարողություններն են ցանկանում ունենալ իրենց անձնական հետաքրքրությունների համար: Իսկ եթե Աստված մարդու հոգուն խաղաղություն չպարգևի, ի՞նչ անել, այլևս չհավատա՞լ նրան: Որոշ փիլիսոփաներ պնդում են, թե օբյեկտիվորեն մարդու և Աստծո փոխհարաբերությունը կառուցված է փոխշահավետ պայմանավորվածությունների վրա, նույնիսկ սիրո պատվիրանի հիմքում այդ փոխշահավետությունն է: Ի՞նչն է այդ հարաբերության առանցքն այս դեպքում` շա՞հը: Ասվում է` եթե չկա անձնական շահ, ապա չկա և հավատ, ինչպես, օրինակ, մարդը հավատում է Աստծուն, որովհետև Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված փրկում է մարդուն և տալիս հավիտենական կյանք: Մարդը հավատում է, որովհետև Աստված սիրում է նրան (Հովհ. 3.16), քանի որ Արարիչը տալիս է երջանկություն, կյանք, խաղաղություն և այլն, այսինքն` անհատն ունի անձնական շահ Աստծո նկատմամբ, դրա համար էլ հավատում է: Բայց ենթադրենք, եթե Աստված մարդուն երջանկություն, խաղաղություն չպարգևի, արդյո՞ք ամեն անհատ անվերապահորեն կգնա Նրա հետևից: Երբ Հիսուս հրաշքներ էր գործում, ամբոխը կրնկակոխ հետևում էր և հավատում Նրան, բայց երբ ցույց տվեց, որ այդ հրաշքներն իր համար կարևոր չեն, ոչ էլ ամենայն հնարավորություն և գերբնականություն, իր հետևից գնացող նույն ամբոխը պախարակում և խաչելության էր տանում Նրան: Մենք մեր կյանքում պիտի նայենք մեր հոգուց ներս, որպեսզի իրականում հասկանանք` վերցնում ենք մեր խաչը և հետևո՞ւմ Հիսուսին, թե՞ հրեաների պես Նրան ենք խաչելության տանում։ Հարկ է նշել, որ Նա մեր ուժերից վեր գործողություններ կամ պահանջներ չի ակնկալում, այլ անշահախնդիր հավատք, որի բովանդակությունն ու էությունը ոչ թե փոխշահավետ պայմանավորվածությունն է, այլ անշահախնդիր աստվածային սերը: Միայն այս դեպքում է, որ հավատքը պարզապես արտաքին ձևերի իրագործում չի դառնում, կամ արտաքին մեխանիկական գործողությունների ամբողջություն, այլ ներքին փոփոխություն, ուր ցանված հոգևոր սերմերը բերում են լիառատ հոգևոր պտուղներ: Այս ժամանակ է, որ անհատը հաշտություն է կնքում Աստծո հետ և խաղաղվում, ու նույնիսկ ամենածանր փորձության մեջ Աստծո խաղաղության զորությունը նրա հոգուց չի պակասում: Այս հանգրվանում է, որ անհատը լսում է Քրիստոսի կանչը, թե վերցրու քո խաչը և հետևիր ինձ (Ղուկ. 14.27), և քայլում Տիրոջ շավիղներով, որոնք կարող են լեցուն լինել փշոտ ու քարքարոտ ուղիներով: Նա ինքնաբուխ է հետևում Հիսուսին, իր էությունից բխած, այս դեպքում մարդը հարցադրում չի անում, թե ինչպիսին է Աստված, այլ գնում է նրա հետևից, որովհետև Աստծու պատկերն ու նմանությունն է, որովհետև Աստված նրա Երկնավոր Հայրն է: Սա էութաբանական հարթության վրա հիմնված փոխհարաբերություն է: Իսկ այդ հարաբերության շունչն ու շաղախը աստվածային սերն է: Երբ առաքյալները Հիսուսի հետ էին, նրանք նույնպես մեծ ակնկալիքներ ունեին: Իսկ երբ եկան Հիսուսին ձերբակալելու, բոլորը փախուստի դիմեցին, որովհետև դեռևս չէին հասկացել իրենց Տիրոջը, որ ամեն իշխանությունից, գերբնական կարողությունից, հրաշքներից ու հնարավորություններից վեր աստվածային սերն է, որ այդ սիրո մեջ են կյանքի բովանդակությունն ու իմաստը, որ այդ սերն է երջանկացնում անհատին ու ամբողջ մարդկությանը: Նրանց հավատքն այդ օրերին այնպես չդրսևորվեց, ինչպես խաչված ավազակինը, ով իր կողքին տեսնելով խաչյալ և տառապյալ Հիսուսին, հավատաց Նրան` չսպասելով որևէ հրաշքի և գերբնական կարողության: Արդյոք մենք կարո՞ղ ենք այդպիսի հավատ դրսևորել, ինչպես խաչված ավազակը: Արդյոք կարո՞ղ ենք Աբրահամի նման անվերապահորեն հետևել Աստծո պատգամին` գնալով հակառակ մեր անձնական շահին կամ Հոբի նման կորցնել ամեն ինչ, բայց չկորցնել Աստծուն: Պատմության մեջ արձանագրված այս կերպարները հավատքի իրական դրսևորումներ են:
Աստված չի կամենում, որ իր հանդեպ հավատը շահով չափվի, դրա վառ ապացույցը Հիսուսի խաչելության, մահվան ընդառաջ գնալն էր, որովհետև աստվածային սերը վեր է, քան ամենայն ինչ: Երկնավոր Հայրը ակնկալում է, որ մարդու հոգին դառնա պարզ հայելու պես մաքուր, ուր կարող է լիակատար կերպով պայծառորեն փայլատակել Աստծո պատկերն ու նմանությունը, իսկ ունենալ Աստծու պատկերը նշանակում է ունենալ այն ամենը, ինչ ունի Երկնավոր Հայրը` և՛ զորություն, և՛ խաղաղություն, և՛ երջանկություն, և՛ ամենայն գեղեցիկն ու բարին: Մենք արդեն իսկ ունենք, մեզ տրված է, բայց այդ գանձերը մեղքի շղարշով ծածկել ենք մեր մեջ և փնտրում ենք հեռու հորիզոններում: Մենք կանգնած ենք այդ հիմնակետում, բայց մեզ թվում է, թե դեռ պիտի երկար ճանապարհ անցնենք, որպեսզի հասնենք այդ բաղձալի հիմնակետին, մարդու հոգու տառապանքների աղբյուրն այստեղ է, որովհետև ինքը ձգտում է հեռանալ իր հիմնակետից և ընթանալ պատրանքային նպատակակետ: Աստվածային սերն ու հոգևոր խոնարհությունը ջնջում են ամեն տեսակի շահ մարդու և Աստծո միջև: Երբ մարդու հոգու խորքում վերջնականապես դադարեն ու վերանան շահադիտական նկրտումներն Աստծո նկատմամբ, տվյալ անձը հաղորդակից կլինի լիապես Աստծո Հոգու ներգործությանը և զորությանը: Արդ, հավատքի գինը աստվածային սերն է, սիրո լույսի դրսևորումը յուրաքանչյուր քայլում և ակնթարթում:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ